National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.11.2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանի հետ
1 / 9

Նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանը:

Ողջույնների փոխանակումից հետո կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օրեր առաջ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ եւ ագրեսիվ գործողությունները, ինչի հետեւանքով կան զոհեր, գերեվարված հայ զինծառայողներ եւ անհետ կորածներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետեւողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ սա հարձակում էր նաեւ ժողովրդավարության վրա:

Գործընկերների քննարկման առանցքում են եղել 44-օրյա պատերազմին հաջորդած իրադարձությունները, Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերները: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, արցախահայ փախստականների իրավունքների, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերում իշխանության տարբեր թեւերի ղեկավարների, ինչպես նաեւ հանրային գործիչների ցուցաբերած մեծ ուշադրության համար: Նա հատկանշական է համարել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2020թ. դեկտեմբերի 3-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Եվրոպայի եւ Արեւելքի քրիստոնեական համայնքների եւ հայ ժողովրդի պաշտպանության մասին» բանաձեւը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի ընդունած բանաձեւերը կարեւոր հանգրվան են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման եւ այդ գործընթացում Ֆրանսիայի ակտիվ դերակատարման ամրապնդման համար:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ֆրանսիան եղել եւ մնում է Հայաստանի բարեկամը՝ անկախ աշխարհագրորեն հեռու լինելուց:

Կողմերը գոհունակությամբ փաստել են միջխորհրդարանական համագործակցության ամրությունը՝ դրանց շարունակական զարգացման գործում առանձնացնելով Հայաստանի եւ Ֆրանսիայի օրենսդիր մարմինների  բարեկամության խմբերի դերը: Հանդիպման ավարտին գործընկերներն ընդգծել են համատեղ ջանքերի կարեւորությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականության եւ ընդլայնման գործում:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած  պատվիրակությունը Ֆրանսիայում է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի  հրավերով: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցելու է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվելիք «Հայաստանը մեկ տարի անց» խորագիրը կրող համաժողովին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am